Tuesday, April 6, 2010

ԴԱՇՏԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ


Վասպուրական հայրենակցական միությունը Հայաստանի ամենահին հայրենակցական միությունն է: Դեռ տասնամյակներ առաջ Արծիվ Վասպուրականի հուշարձանի բացումն առիթ հանդիսացավ, որպեսզի համախմբվեն Խորհրդային Հայաստանում ապրող վասպուրականցիներն և վանեցիները:
Վասպուրական հայրենակցական միության անդամները հպարտությամբ են հիշում Վանի ինքնապաշտպանության 27 օրը և այս տարի ևս մշակութային միջոցառումներից բացի մեծ շուքով կտոնեն ինքապաշտպանության 95-ամյակը:
“Այս տարի ծրագրել ենք նշել հայոց առաջին մայրաքաղաքի հիմնադրման 2865-ամյակը, որը հաշվում ենք Վանի հիմնադրման օրվանից: Նախատեսվում է նաև այցելություն Վան, որի ընթացքում խնդիր կդրվի ծանոթանալ նյութական արժեքներին և Վանից բերել առնվազն գեղեցիկ հուշեր: Մայիսի 23-ին Աշտարակից Գյումրի տանող ճանապարհին գտնվող Արծիվ Վասպուրականի հուշարձանի մոտ նախատեսվում է մեծ դաշտահանդես` նվիրված Վանի ինքնապաշտպանության 95 ամյակին: Երևանի պատմության թանգարանում աշնանը կանցկացվի ցուցահանդես, որտեղ Վանից բերված աշխատանքների միջոցով կներկայացվի վանեցու կենցաղը”, ասաց միության վարչության նախագահ Գագիկ Բաղդասարյանը:
“Դաշտահանդեսի կազմակերպման համար այս տարի համագործակցում ենք նաև Արմենական կուսակցության հետ, քանի որ Վանի ինքնապաշտպանությունը ղեկավարում էր Արմենական կուսակցությունից Արմենակ Եկարյանը: Վանի ինքնապաշտպանությունն այն քիչ դեպքերից է, երբ կուսակցականները վայր դրեցին կուսակցական պատկանելությունը և միացան ինքնապաշտպանությանը: Երբ հաղթանակն արդեն իսկ իրողություն էր և Վանի ղեկավարն էր դառնալու Դաշնակցականը, կրկին տարաձայնություներ չեղան: Հիմա էլ Արմենականների մասնակցությամբ կազմակերպում ենք այդ միջոցառումը, որին ներկա կլինեն նաև մյուս կուսակցությունների ներկայացուցիչները: Դա էլ է խորհդանշական, քանի որ միասնականություն կա և մոռանում ենք կուսակցական պատկանելությունը”, հավելեց Գագիկ Բաղդասարյանը:

Արմենուհի Կարեյան


No comments:

Post a Comment