Friday, December 25, 2009


Հ Ա Ր Գ Ե Լ Ի

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ի Ց Ն Ե Ր


2010 թվականին լրանում է Վանի հերոսամարտի 95-ամյակը։

Մենք խոնարհվում ենք մեր նախնիների հիշատակի առաջ, ովքեր հերոսաբար կռվեցին ու զոհվեցին հանուն հաղթանակի, հաղթանակ՝ որի արդյունքում հազարավոր հայորդիներ փրկվեցին յաթաղանից և այսօր նրանց ժառանգներն ապրում են անկախ Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում։

Թող 2010 թվականը դառնա Հայաստանում ապրող վասպուրականցիների և նրանց ժառանգների կյանքի ուրախ պահերի, լավ հիշողությունների, առողջության և երջանկության, ձեռքբերումների և հաջողությունների տարի։

Շնորհավորում եմ նաև աշխարհասփյուռ վասպուրականցիների Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով բարեկեցություն, անհոգ, երջանիկ կյանք, հույս, հավատ և սեր։



«ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ

ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Friday, December 11, 2009

ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՏԱՆԸ

Այս տարվա նոյեմբերի 12-ին Հայաստանի Ժուռնալիստների տանը տեղի ունեցավ «Վասպուրական» հայրենակցական միության վարչության արտագնա նիստ, որին վարչության անդամներից բացի մասնակցում էին և ելույթներ ունեցան վարչությանը կից ավագների խորհրդի անդամները։ Վարչության վերջին երկու ամսում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ միության վարչության նախագահ Գագիկ Բաղդասարյանը։ Ներկայացնելով կատարված աշխատանքները նա միևնույն ժամանակ նշեց այն կարևոր խնդիրները, որոնք առաջիկայում համատեղ ուժերով անհրաժեշտ է լուծել։ Գործնական առաջարկություններով հանդես եկան Դավիթ Զադոյանը, Նոռա Մելիքյանը, Ռոբերտ Միրզոյանը, Ժիրայր Ասլանյանը

և ուրիշներ։

Նիստի մասնակիցները կարևորելով միության շարքերում վասպուրականցիների երիտասարդ ժառանգների համալրման խնդիրը, մեկ անգամ ևս նշեցին, որ վարչության հիմնական խնդիրը եղել և մնում է վասպուրականցիների և նրանց ժառանգների միավորումը, պատմական հայրենիքից անբաժան լինելու զգացողության սերմանումը, Վանի հերոսամարտի մասնակիցների, ինչպես նաև նշանավոր վասպուրականցիների կյանքն ու գործունեությունը լուսաբանելն ու ժողովրդականացնելը։

Նիստի վերջում մասնակիցներին բաժանվեցին Վասպուրականի դրոշի և զինանշանի պատկերով կրծքանշաններ։ Որոշվեց այսուհետ «Վասպուրական» հայրենակցական միության շարքերը համալրող յուրաքանչյուր անդամի տրամադրել նույնանման կրծքանշաններ։


Միության վարչություն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ


Ականավոր գիտնական, մանկավարժ ու ճարտարապետ, «Վասպուրական» հայրենակցական միության հիմնադիր-նախագահ Վարազդատ Հարությունյանի 100-ամյա հոբելյանը Հայաստանի ազգային գրադարանում նշվեց ցուցահանդեսով, գրքի և ֆիլմի շնորհանդեսով։

Կարևորելով Վարազդատ Հարությունյանի վաստակն ու թողած ժառանգությունը՝ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ նրա գրչին են պատկանում հայկական ճարտարապետությանը վերաբերվող բազմաթիվ գիտական աշխատություններ ու դասագրքեր։ «Հայտնի վանեցին ոչ միայն գիտության առաջատար նվիրյալներից էր, այլև որպես մարդ մեծ դեր ու կարևորություն ունեցավ մեր պատմության մեջ՝ իր թողած մանկավարժական ու հասարակական գործունեությամբ»,-ասաց նա։

ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն արժևորեց ակադեմիկոսի դերը ճարտարապետության բնագավառում։ Ելույթներ ունեցան նաև ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանը, Վ. Հարությունյանի որդին՝ Ռաֆայել Հարությունյանը։

Ցուցահանդեսում Վ. Հարությունյանը ներկայացված էր իր հեղինակած և իրեն նկարագրող գրքերով, մամուլում տեղ գտած հոդվածներով ու ակնարկներով։ Ցուցադրվեց նաև «Վաստակ և գնահատանք» գիրքը Վ. Հարությունյանի մասին, ինչպես նաև ներկայացվեց Հանրային հեռուստատեսության կողմից պատրաստված «Հայը» ֆիլմը։

Վ. Հարությունյանը ծնվել է Վանում 1909 թվականին։ Հիշելով իր մանկությունը՝ նա ասել է. «հիշում եմ իմ հայրենի Վանը, մեր տունը, իմ հարազատներին, մեր այգին, հիշում եմ Վանի հերոսամարտը, որը հաղթանակով ավարտվեց, բայց անկախ մեր կամքից, ստիպված եղանք գաղթել»։

1981թ. նա Հայաստանոում հիմնել է «Վասպուրական» հայրենակցական միությունը։ Վ. Հարությունյանը Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի նախագահության անդամ էր, Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ընկերակցության, «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ, ղեկավարել հուշարձանների պահպանության հայկական ընկերակցությունը, 1956-ից նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական հանձնաժողովի նախագահն էր։ Բազմաթիվ շքանշանների ասպետ է, Երևանի պատվավոր քաղաքացի։

Վարազդատ Հարությունյանը հեղինակ է 800-ից ավելի գիտական հոդվածների, 3 դասագրքերի, հայկական ճարտարապետության մասին 40 գրքերի, ինչպես նաև հուշագրությունների 3 հատորի։ 50 տարի ղեկավարել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնը, շուրջ 12 տարի՝ Հայաստանի ճարտարապետների միությունը։ Մահացել է 2008 թվականի մարտին Երևանում։


ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

25.11.2009թ.


Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ և ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ


«Վասպուրական» հայրենակցական միության հիմնադիր-նախագահ Վարազդատ Հարությունյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն։

Նույն օրը Հայաստանի ճարտարապետների միությունում ի հիշատակ Վ. Հարությունյանի ճարտարապետի ու գիտնականի, անցկացվեց կառավարական հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին կառավարության անդամներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ և գիտնականներ։ Հնչած ելույթներում արժևորվեցին Վարազդատ Հարությունյանի վաստակն ու դերը հայ ճարտարապետության, գիտության և մանկավարժության բնագավառներում։


ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ

Ամանորի նախորյակին «Վասպուրական» հայրենակցական միությանը անդամակցելու դիմում են ներկայացրել 40 երիտասարդ մտավորականներ, ուսանողներ, գիտության, կրթության և մշակույթի բնագավառների աշխատողներ, որոնք բոլորն էլ վասպուրականցիների ժառանգներ են և ինչպես միության հնաբնակ անդամները, իրենց հիմնական խնդիրը համարում են վասպուրականցիների ժառանգների միավորումը, պատմական հայրենիքից անբաժան լինելու զգացողությունն ու նրան հավատարիմ մնալու գաղափարը։


ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ք. Երևան

10.12.2009թ.