Saturday, May 15, 2010

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ


Այս տարի լրանում է Վանի 1915 թվականի Հերոսամարտի 95-ամյակը։

Շնորհիվ այդ ինքնապաշտպանական կռիվների թուրքական յաթաղանից փրկվեց շուրջ 200000 հայ, որոնց մեծ մասը գաղթեց և հանգրվանեց Հայաստանի այժմյան տարածքում, ինչը կարևոր նշանակություն ունեցավ ոչ միայն հայկական գենոֆոնդի պահպանման, այլև որոշիչ դեր խաղաց Հայաստանի պետականության կայացման համար։ Հայոց պատմության ընթացքում Վանի Հերոսամարտը այն բացառիկներից էր, երբ ողջ ժողովուրդը միակամ էր, ինքնապաշտպանության ընթացքում Վանում առկա է կուսակցական համերաշխություն։ Քաղաքի ողջ բնակչության միասնական պայքարը, ղեկավարում էրն Արմենակ Եկարյանն ու Արամ Մանուկյանը և արդունքում արձանագրվեց փայլուն հաղթանակ։

Այսօր Վասպուրական պատմական աշխարհից գաղթած, Եղեռնը վերապրած վասպուրականցիների սերունդները միավորված են «Վասպուրական» հայրենակցական միության մեջ և, ի թիվս այլ միջոցառումների, մայիսի 23-ին ժամը 12.00-ին «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի մոտ (Աշտարակից Գյումրի տանող ճանապարհին) նշվելու է Վանի Հերոսամարտի տարեդարձը։

Վասպուրականցիների բոլոր ժառանգներին հրավիրում ենք մասնակցելու Վանի Հերոսամարտին նվիրված հանդիսությանը։

Մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 529583 և 094890690 հեռախոսահամարներով։

«ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ

ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Saturday, April 17, 2010

«Վանը կորցրել ենք, սակայն Վանի մշակույթը չենք կորցնի...»


2010թ. ապրիլի 17-ին «Վասպուրական» հայրենակցական միությունը Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում կազմակերպել էր միջոցառում նվիրված Վասպուրական աշխարհի անկրկնելի մշակույթին:

Միջոցառումը բացվեց «Վասպուրական» ՀՄ-ի նախագահ` Գագիկ Բաղդասարյանի խոսքով, ով մանրամասն խոսեց Վասպուրականի մշակութային ժառանգության պահպանման գործում միության դերի և նշանակության մասին, ապա ներկայացրեց մայիսի 23-ին «Արծիվ Վասպուրական» հուշարձանի շրջակայքում կայանալիք դաշտահանդեսի մանրամասները:

Զեկույցով հանդես եկավ ազգագրգետ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը: Իր զեկույցում պրն. Մարությանը ներկայացրեց Վասպուրական գավառի մշակույթի առանձնահատկությունները և այդ ոլորտում մեր նախնյաց անկրկնելի ձեռքբերումները:

Զեկույցից հետո ցուցադրվեց «Շողակաթ» Հեռուստաընկերության պատրաստած «Հրաշք Վանիկը» ֆիլմը, որը պատմում է վանեցու զավակ, հայ մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի գործունեության մասին:

Միությունը որոշեց ցուցադրել այս ֆիլմը, քանզի Շարամբեյանը իր հասարակական գործունեության մեծ մասը ուղղել էր հենց Վասպուրականի մշակույթի պահպանությանը:


Միջոցառումը կրում էր «Վանը կորցրել ենք, սակայն Վանի մշակույթը չենք կորցնի...» խորագիրը, որն եղել է Շարամբեյանի կյանքի խոսքը և գործը:


Միջոցառմանը ներկա էին ավելի քան 60 վասպուրականցիներ:


Միության Վարչություն


Thursday, April 8, 2010

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՇԻՐԻՄԻՆ


Այս տարի լրանում է Խրիմյան Հայրիկի մահվան 190րդ տարելիցը և այդ կապակցությամբ ապրիլի 3-ին «Վասպուրական» հայրենակցական միության վարչության անդամները միության նախագահ Գագիկ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` հարգանքի տուրք մատուցելու Մկրտիչ Վանեցու շիրիմին: Վարչության անդամները, միության բարեկամները և համխոհները ծաղիկներով զարդարեցին մեծ հայորդու գերեզմանը ապա, ի հիշատակ Խրիմյան Հայրիկի, մայրավանքում աղոթք բարձրացնելուց հետո վերադարձան Երևան:

Հավերժ Փառք մեծացն մերոց...

Tuesday, April 6, 2010

ԴԱՇՏԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ


Վասպուրական հայրենակցական միությունը Հայաստանի ամենահին հայրենակցական միությունն է: Դեռ տասնամյակներ առաջ Արծիվ Վասպուրականի հուշարձանի բացումն առիթ հանդիսացավ, որպեսզի համախմբվեն Խորհրդային Հայաստանում ապրող վասպուրականցիներն և վանեցիները:
Վասպուրական հայրենակցական միության անդամները հպարտությամբ են հիշում Վանի ինքնապաշտպանության 27 օրը և այս տարի ևս մշակութային միջոցառումներից բացի մեծ շուքով կտոնեն ինքապաշտպանության 95-ամյակը:
“Այս տարի ծրագրել ենք նշել հայոց առաջին մայրաքաղաքի հիմնադրման 2865-ամյակը, որը հաշվում ենք Վանի հիմնադրման օրվանից: Նախատեսվում է նաև այցելություն Վան, որի ընթացքում խնդիր կդրվի ծանոթանալ նյութական արժեքներին և Վանից բերել առնվազն գեղեցիկ հուշեր: Մայիսի 23-ին Աշտարակից Գյումրի տանող ճանապարհին գտնվող Արծիվ Վասպուրականի հուշարձանի մոտ նախատեսվում է մեծ դաշտահանդես` նվիրված Վանի ինքնապաշտպանության 95 ամյակին: Երևանի պատմության թանգարանում աշնանը կանցկացվի ցուցահանդես, որտեղ Վանից բերված աշխատանքների միջոցով կներկայացվի վանեցու կենցաղը”, ասաց միության վարչության նախագահ Գագիկ Բաղդասարյանը:
“Դաշտահանդեսի կազմակերպման համար այս տարի համագործակցում ենք նաև Արմենական կուսակցության հետ, քանի որ Վանի ինքնապաշտպանությունը ղեկավարում էր Արմենական կուսակցությունից Արմենակ Եկարյանը: Վանի ինքնապաշտպանությունն այն քիչ դեպքերից է, երբ կուսակցականները վայր դրեցին կուսակցական պատկանելությունը և միացան ինքնապաշտպանությանը: Երբ հաղթանակն արդեն իսկ իրողություն էր և Վանի ղեկավարն էր դառնալու Դաշնակցականը, կրկին տարաձայնություներ չեղան: Հիմա էլ Արմենականների մասնակցությամբ կազմակերպում ենք այդ միջոցառումը, որին ներկա կլինեն նաև մյուս կուսակցությունների ներկայացուցիչները: Դա էլ է խորհդանշական, քանի որ միասնականություն կա և մոռանում ենք կուսակցական պատկանելությունը”, հավելեց Գագիկ Բաղդասարյանը:

Արմենուհի Կարեյան


Tuesday, March 9, 2010

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ




Մարտի 7-ին «Կանանց Միջազգային տոնի» առիթով «Վասպուրական» հայրենակցական միության վարչությունը Երևանի Մանկապատանեկան թատրոնի /Պիոներ պալատ/ դահլիճում կազմակերպել էր տոնական միջոցառում։

Միության նախագահ Գագիկ Բաղդասարյանը վարչության անունից ջերմորեն շնորհավորելով վասպուրականցի կանանց, նշեց նրանց մայրերի ու քույրերի անգնահատելի ու հերոսական դերը Վանի պաշտպանության օրերի ժամանակ, ինչպես նաև նշեց վասպուրականցի կանանց աշխատասիրությունը, համբերությունն ու հպարտությունը, նրանց անձնվեր դերն ընտանիքում և անմնացորդ նվիրվածությունը երեխաներին։ Շնորհավորելով կանանց տոնի կապակցությամբ մաղթեց նրանց անսահման երջանկություն, առողջություն և նոր ձեռքբերումներ։

Գագիկ Բաղդասարյանը ներկայացրեց «Վասպուրական» հայրենակցական միության վարչության որոշումը՝ միության հնագույն անդամ, վաստակաշատ լրագրող, բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ, միության փոխնախագահ Նոռա Մելիքյանին, միության հիմնադրման օրվանից, միության գործունեության ընթացքում ամենաակտիվ անդամներից մեկին՝ վարչության քարտուղար Լաուրա Հովսեփյանին և «Վասպուրական» ժողովրդական երգի, պարի համույթի հիմնադիր տնօրեն Անահիտ Խեչումյանին շնորհակալագրերով և կրծքանշաններով պարգևատրելու մասին։

Վարչության որոշմամբ միության պատվավոր անդամի կոչում շնորհվեց Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էմմա Կոստանդյանին։

Տոնական օրվա կապակցությամբ վարչության կողմից պարգևատրվեց նաև «Վասպուրական» հայրենակցական միության անդամ, Երևանի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Լաուրա Ավետիսյանը։

Հանդիսավոր նիստի ժամանակ «Վասպուրական» հայրենակցական միության անդամի տոմսեր և կրծքանշաններ հանձնվեցին մի խումբ երիտասարդ աղջիկների, որոնք հենց այդ օրն անդամակցեցին միությանը։

Տոնի առիթով միության կանանց շնորհավորեց և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Էլեոնորա Թումանյանը։

Ներկաներին ողջունեց և նորանոր հաջողություններ մաղթեց Մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Լաուրա Ավետիսյանը։

Հանդիսավոր նիստի ավարտին հարյուրավոր վասպուրականցի կանանց երգ ու պարով ողջունեցին Մանկապատանեկան կենտրոնի, ինչպես նաև «Վասպուրական» համույթի սաները։


«ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ

ՄԻՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Wednesday, March 3, 2010

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Մարտի 3-ին Արմենական-ՌԱԿ գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանի, փոխատենապետ Արմեն Մանվելյանի, վարչության անդամներ՝ Սուրեն Սարգսյանի, Գայանե Մուրադյանի և «Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Գագիկ Բաղդասարյանի, վարչության անդամներ՝ Դավիթ Զադոյանի և Ռոբերտ Միրզոյանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց Վանի ազատամարտի 95-ամյակին նվիրված տոնակատարության համատեղ նախապատրաստման և անցկացման մի քանի հարցեր։ Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին 2010 թվականի իրենց ծրագրերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Թե՛ Արմենական ՀՈԱ կուսակցության ղեկավարները, և թե՛ «Վասպուրական» հայրենակցական միության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ կուսակցության և հայրենակցական միության բազմաբնույթ համագործակցությունը կլինի մշտապես, հատկապես մշակութային միջոցառումների ժամանակ։

ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Wednesday, February 10, 2010

Շ Ն Ո Ր Հ Ա Ն Դ Ե Ս


Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում փետրվարի 5-ին տեղի ունեցավ վերջերս նկարահանված «Վասպուրական» ժողովրդական երգի, պարի մանկական թատրոնի երկու նոր տեսահոլովակների շնորհանդեսը։

Իրենց անցած ուղու մասին պատմեց մանկական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Անահիտ Խեչումյանը։

Ելույթներով հանդես եկան և կոլեկտիվին նորանոր հաջողություններ մաղթեցին հանրահայտ լրագրող Վրեժ Սարուխանյանը, Հայաստանի գրական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։ «Վասպուրական» հայրենակցական միության անունից, նկարահանված տեսահոլովակները և համույթի գործունեությունը բարձր գնահատեց միության վարչության նախագահ Գագիկ Բաղդասարյանը։ Նշելով համույթի հիմնադիր ղեկավար Անահիտ Խեչումյանի անուրանալի և անմնացորդ ներդրումը մանկական երգի-պարի թատրոնի կայացման և հաջողությունների հասնելու գործում, ինչպես նաև Արթուր Բադալյանի կողմից նկարահանած տեսահոլովակների պրոֆեսիոնալ որակը նա հույս հայտնեց, որ համույթը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, իր հիացմունքի արժանի արվեստը ներկայացնելու տարբեր բերամահարթակներում և նվաճելու նորանոր բարձրւնքներ։ Այսօրվա տեսահոլովակները սկիզբ դրեցին այն տասնյակ տեսահոլովակների, որոնք դեռևս կնկարահանվեն և իրենց արժանի գնահատականը կստանան։ Միևնույն ժամանակ Գագիկ Բաղդասարյանը հույս հայտնեց, որ համույթը առաջիկայում ավելի սերտ կհամագործակցի «Վասպուրական» հայրենակցական միության հետ և իր մասնակցությունը կունենա միության կողմից կազմակերպվող մշակութային միջոցառումներին։


Միության վարչություն