Tuesday, March 9, 2010

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ




Մարտի 7-ին «Կանանց Միջազգային տոնի» առիթով «Վասպուրական» հայրենակցական միության վարչությունը Երևանի Մանկապատանեկան թատրոնի /Պիոներ պալատ/ դահլիճում կազմակերպել էր տոնական միջոցառում։

Միության նախագահ Գագիկ Բաղդասարյանը վարչության անունից ջերմորեն շնորհավորելով վասպուրականցի կանանց, նշեց նրանց մայրերի ու քույրերի անգնահատելի ու հերոսական դերը Վանի պաշտպանության օրերի ժամանակ, ինչպես նաև նշեց վասպուրականցի կանանց աշխատասիրությունը, համբերությունն ու հպարտությունը, նրանց անձնվեր դերն ընտանիքում և անմնացորդ նվիրվածությունը երեխաներին։ Շնորհավորելով կանանց տոնի կապակցությամբ մաղթեց նրանց անսահման երջանկություն, առողջություն և նոր ձեռքբերումներ։

Գագիկ Բաղդասարյանը ներկայացրեց «Վասպուրական» հայրենակցական միության վարչության որոշումը՝ միության հնագույն անդամ, վաստակաշատ լրագրող, բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ, միության փոխնախագահ Նոռա Մելիքյանին, միության հիմնադրման օրվանից, միության գործունեության ընթացքում ամենաակտիվ անդամներից մեկին՝ վարչության քարտուղար Լաուրա Հովսեփյանին և «Վասպուրական» ժողովրդական երգի, պարի համույթի հիմնադիր տնօրեն Անահիտ Խեչումյանին շնորհակալագրերով և կրծքանշաններով պարգևատրելու մասին։

Վարչության որոշմամբ միության պատվավոր անդամի կոչում շնորհվեց Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էմմա Կոստանդյանին։

Տոնական օրվա կապակցությամբ վարչության կողմից պարգևատրվեց նաև «Վասպուրական» հայրենակցական միության անդամ, Երևանի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Լաուրա Ավետիսյանը։

Հանդիսավոր նիստի ժամանակ «Վասպուրական» հայրենակցական միության անդամի տոմսեր և կրծքանշաններ հանձնվեցին մի խումբ երիտասարդ աղջիկների, որոնք հենց այդ օրն անդամակցեցին միությանը։

Տոնի առիթով միության կանանց շնորհավորեց և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Էլեոնորա Թումանյանը։

Ներկաներին ողջունեց և նորանոր հաջողություններ մաղթեց Մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Լաուրա Ավետիսյանը։

Հանդիսավոր նիստի ավարտին հարյուրավոր վասպուրականցի կանանց երգ ու պարով ողջունեցին Մանկապատանեկան կենտրոնի, ինչպես նաև «Վասպուրական» համույթի սաները։


«ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ

ՄԻՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

No comments:

Post a Comment