Friday, December 11, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ


Ականավոր գիտնական, մանկավարժ ու ճարտարապետ, «Վասպուրական» հայրենակցական միության հիմնադիր-նախագահ Վարազդատ Հարությունյանի 100-ամյա հոբելյանը Հայաստանի ազգային գրադարանում նշվեց ցուցահանդեսով, գրքի և ֆիլմի շնորհանդեսով։

Կարևորելով Վարազդատ Հարությունյանի վաստակն ու թողած ժառանգությունը՝ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ նրա գրչին են պատկանում հայկական ճարտարապետությանը վերաբերվող բազմաթիվ գիտական աշխատություններ ու դասագրքեր։ «Հայտնի վանեցին ոչ միայն գիտության առաջատար նվիրյալներից էր, այլև որպես մարդ մեծ դեր ու կարևորություն ունեցավ մեր պատմության մեջ՝ իր թողած մանկավարժական ու հասարակական գործունեությամբ»,-ասաց նա։

ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն արժևորեց ակադեմիկոսի դերը ճարտարապետության բնագավառում։ Ելույթներ ունեցան նաև ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանը, Վ. Հարությունյանի որդին՝ Ռաֆայել Հարությունյանը։

Ցուցահանդեսում Վ. Հարությունյանը ներկայացված էր իր հեղինակած և իրեն նկարագրող գրքերով, մամուլում տեղ գտած հոդվածներով ու ակնարկներով։ Ցուցադրվեց նաև «Վաստակ և գնահատանք» գիրքը Վ. Հարությունյանի մասին, ինչպես նաև ներկայացվեց Հանրային հեռուստատեսության կողմից պատրաստված «Հայը» ֆիլմը։

Վ. Հարությունյանը ծնվել է Վանում 1909 թվականին։ Հիշելով իր մանկությունը՝ նա ասել է. «հիշում եմ իմ հայրենի Վանը, մեր տունը, իմ հարազատներին, մեր այգին, հիշում եմ Վանի հերոսամարտը, որը հաղթանակով ավարտվեց, բայց անկախ մեր կամքից, ստիպված եղանք գաղթել»։

1981թ. նա Հայաստանոում հիմնել է «Վասպուրական» հայրենակցական միությունը։ Վ. Հարությունյանը Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի նախագահության անդամ էր, Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ընկերակցության, «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ, ղեկավարել հուշարձանների պահպանության հայկական ընկերակցությունը, 1956-ից նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական հանձնաժողովի նախագահն էր։ Բազմաթիվ շքանշանների ասպետ է, Երևանի պատվավոր քաղաքացի։

Վարազդատ Հարությունյանը հեղինակ է 800-ից ավելի գիտական հոդվածների, 3 դասագրքերի, հայկական ճարտարապետության մասին 40 գրքերի, ինչպես նաև հուշագրությունների 3 հատորի։ 50 տարի ղեկավարել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնը, շուրջ 12 տարի՝ Հայաստանի ճարտարապետների միությունը։ Մահացել է 2008 թվականի մարտին Երևանում։


ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

25.11.2009թ.


No comments:

Post a Comment