Tuesday, August 18, 2009

ՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ԷՋԵՐԻՑ ՄԵԿՆ Է

«Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Գագիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 16-ին Էրեբունի թանգարանում մի խումբ մտավորականներ քննարկեցին Վանի, որպես հայոց առաջին մայրաքաղաքի հիմնադրման տարելիցը նշելու հարցը։ Քննարկմանը մասնակցում էին հանրահայտ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, ուրարտագետ, Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, ազգագրագետ, «Վասպուրական» հայրենակցական միության փոխնախագահ Հարություն Մարությանը և ուրիշներ։

Վանի հիմնադրման պատմական իրադարձությունների վերլուծությամբ հանդես եկավ Հարություն Մարությանը։ Ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց նաև Աշոտ Փիլիպոսյանը։ Քննարկվող հարցի վերաբերյալ կարծիքներ հայտնեցին նաև Գագիկ Գալստյանը, Մկրտիչ Մինասյանը և մյուսները։

Հանդես գալով «Վասպուրական» հայրենակցական միության վարչության անունից Գագիկ Բաղդասարյանը կարևորելով Վանի հիմնադրման տարելիցի նշումը, ընդգծեց, որ այն ունի թե քաղաքական, թե գիտա–մշակութային նշանակություն, և մեծ արձագանք կգտնի ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև նրա սահմաններից դուրս։

Ողջունելով Վանի հիմնադրման տարելիցն ազգովի նշելու գաղափարին, Ջիմ Թորոսյանի առաջարկությամբ, որոշվեց առաջիկայում հրավիրել հանրապետության հանրահայտ պատմաբանների, ուրարտագետների, ազգագրա­գետների առավել ընդլայնված կազմով հավաք և քննարկել հայոց առաջին մայրաքաղաքի տարելիցը նշելու հարցը։

Հավաքի մասնակիցները ծանոթացան վերջին շրջանում Աշոտ Փիլիպոսյանի Վանում և Վասպուրականի այլ բնակավայրերում կատարած հետազոտությունների արդյունքներին, ծանոթացան նաև թանգարանի նոր էքսպոնատներին։

Միության վարչություն

No comments:

Post a Comment