

2010թ. ապրիլի 17-ին «Վասպուրական» հայրենակցական միությունը Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում կազմակերպել էր միջոցառում նվիրված Վասպուրական աշխարհի անկրկնելի մշակույթին:
Միջոցառումը բացվեց «Վասպուրական» ՀՄ-ի նախագահ` Գագիկ Բաղդասարյանի խոսքով, ով մանրամասն խոսեց Վասպուրականի մշակութային ժառանգության պահպանման գործում միության դերի և նշանակության մասին, ապա ներկայացրեց մայիսի 23-ին «Արծիվ Վասպուրական» հուշարձանի շրջակայքում կայանալիք դաշտահանդեսի մանրամասները:
Զեկույցով հանդես եկավ ազգագրգետ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը: Իր զեկույցում պրն. Մարությանը ներկայացրեց Վասպուրական գավառի մշակույթի առանձնահատկությունները և այդ ոլորտում մեր նախնյաց անկրկնելի ձեռքբերումները:
Զեկույցից հետո ցուցադրվեց «Շողակաթ» Հեռուստաընկերության պատրաստած «Հրաշք Վանիկը» ֆիլմը, որը պատմում է վանեցու զավակ, հայ մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի գործունեության մասին:
Միությունը որոշեց ցուցադրել այս ֆիլմը, քանզի Շարամբեյանը իր հասարակական գործունեության մեծ մասը ուղղել էր հենց Վասպուրականի մշակույթի պահպանությանը:
Միջոցառումը կրում էր «Վանը կորցրել ենք, սակայն Վանի մշակույթը չենք կորցնի...» խորագիրը, որն եղել է Շարամբեյանի կյանքի խոսքը և գործը:
Միջոցառմանը ներկա էին ավելի քան 60 վասպուրականցիներ:
Միության Վարչություն