Sunday, October 25, 2009

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐԱԲԱՑ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ


Սիլվա Կապուտիկյանի 90-ամյակի առիթով հոկտեմբերի 22-ին «Վասպուրական» հայրենակցական միության մի խումբ անդամներ այցելեցին իրենց հայրենակից, Ամենայն Հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան, որտեղ իր կյանքի վերջին 30 տարիներին ապրել ու ստեղծագործել է մեծ բանաստեղծուհին։ Տուն–թանգարանի տնօրեն, Սիլվա Կապուտիկյանի զարմուհի Ռաֆլետա Հաջյանը հյուրերին ներկայացրեց թանգարանում ցուցադրվող նյութեր և առարկաներ, պատմեց տուն–թանգարանի ստեղծման, բանաստեղծուհու ստեղծագործական ուղու մասին։ Ուշագրավ հիշողություններ պատմեցին նաև հյուրերը՝ Ռոբերտ Միրզոյանը, Սամվել Բեգլարյանը, Ժիրայր Ասլանյանը, Ռաֆայել Հարությունյանը։ «Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Գագիկ Բաղդասարյանը բոլոր վասպուրականցիների անունից շնորհակալություն հայտնեց տիկին Ռաֆլետային տուն–թանգարանի ստեղծման գործում իր անգնահատելի դերի համար և նշեց, որ վասպուրականցիները հպարտ են, որ իրենց վաղնջական հայրենիքը հայ ազգին մշտապես նվիրել է նշանավոր շատ մեծերի, այդ թվում Ամենայն Հայոց բանաստեղծուհի, գրող, հրապարակախոս, իր ազգի հոգսերով ապրած, մեծատաղանդ, Երևանում ծնված, բայց իրեն վանեցի համարող Սիլվա Կապուտիկյանին, որը ոչ միայն տասնյակ բանաստեղծություններ է նվիրել Վասպուրական աշխարհին, այլ նաև գրել Վանին նվիրված օրհներգը։ Մի հատված Սիլվա Կապուտիկյանի Վանին նվիրված օրհներգից.

Վասպուրական մեր թանկ աշխարհ,

Մեր Սիփան սար, մեր Ախթամար,

Մեր նախնեաց Բերդ արծուասոյր,

Մի ձեռքիդ՝ բահ, մի ձեռքիդ՝ սուր։

Երազական մեր Վան քաղաք,

Մեր կարօտի աղբիւր ու ակ,

Ալիք կու տաս սրտիս միջով,

Ով ասի՝ լիճ, ես կասեմ՝ ձուկ։

Դլե եաման, դլե եաման,

Վերեւում՝ դրախտ, ներքեւում՝ Վան։

Գագիկ Բաղդասարյանը թանգարանին նվիրեց Սիլվա Կապուտիկյանի կողմից անձամբ իրեն տրամադրված Երևանի մասին «Երևան» գրքի համար գրված հոդվածի բնօրինակը, որն իր արժանի տեղը կգտնի թանգարանում։ Թանգարանին նվիրվեց նաև Գագիկ Բաղդասարյանի հեղինակած «Երևան» գիրք–ալբոմը։ Թանգարանի տնօրենն իր հերթին շնորհակալություն հայտնեց այցելության համար և Վասպուրականցիներին նվիրեց բանաստեղծուհու 90-ամյակի կապակցությամբ վերջերս լույս տեսած «90 երգ» ժողովածուն և առաջարկեց առաջիկայում հանրահայտ վասպուրականցիների հավաք կազմակերպել Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարանում։ Վերջում ցուցադրվեց մեծ բանաստեղծուհու 90-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմ։

Միության վարչություն

No comments:

Post a Comment