Ս. թ. օգոստոսի 29-ին, Երևան քաղաքի հիմնադրման Էրեբունի թանգարանում տեղի ունեցավ քննարկում, նվիրված Տուշպա-Վան քաղաքի հիմնադրման և մայրաքաղաք հռչակման տարեթվի ճշտմանը։ Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Բաբկեն Հարությունյանը, նույն ամբիոնի դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկն. Արտակ Մովսիսյանը, Երևանի մանկավարժական համալսարանի դասախոս, պատմ. գիտ. թեկն. Երվանդ Գրեկյանը, Էրբունի թանգարանի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր, «Վասպուրական» միության փոխնախագահ Հարություն Մարությանը, Միության վարչության անդամ Նարեկ Աշուղաթոյանը։
Մեր պատմության հնագույն շրջանի վերականգնման սկզբնաղբյուրները արքաների արձանագրություններն են։ Ուրարտուի-Վանի թագավորության արքաների արձանագրություններից հնագույնների թվում կան Տուշպա-Վանի կառուցման վեց նույնատիպ արձանագրություն, որոնք թվակիր չեն և պատկանում են Սարդուրի Առաջին արքային։ Դրանք փորագրված են Վանի ժայռի շուրջն առկա պարսպի մաս կազմող հսկայածավալ քարասալերին։ Սարդուրի արքայի մասին մեր տեղեկությունները հնարավորություն են տալիս նշելու նրա գահակալության վերջին թիվը՝ մ.թ.ա. 825, նրա գահակալության սկիզբը հստակ հայտնի չէ։ Մյուս կողմից, Ասորեստանի Սալմանասար Երրորդ արքայի մ.թ.ա. 856/855 թթ. թվագրվող արձանագրության մեջ հիշվում է «Տուրուշպա» քաղաքը, որը «Տուշպա» անվան մեզ հայտնի հնագույն տարբերակն է։ Ահա այս հիմամբ էլ 2010 թ. աշնանը առաջարկվում է նշել «Տուշպա-Վանի [առաջին] հիշատակության 2865 ամյակը», կամ ուղղակի առաջարկել հետևյալ կարգախոսային բնույթի ձևակերպումը՝ «Տուշպա-Վան --- 2865»։
Նկատենք, որ Տուշպա-Վանը եղել է ոչ միայն Վանի թագավորության (Ուրարտու), նրա անմիջական ժառանգորդ հանդիսացող Երվանդունիների հայկական պետության մայրաքաղաքը, այլ հետագայում ևս շարունակել է պահպանել հայկական կենտրոնի դերը։ Այսպես, մ.թ.ա. 6-րդ - 4-րդ դարերում այն եղել է Աքեմենյան պետության 13-րդ սատրապության (որն ընդգրկում էր Հայաստանի հարավային կեսը) վարչական կենտրոնը, 908-1021 թթ. եղել է Վասպուրականի թագավորության մայրաքաղաք, ուշ միջնադարում և 19-20-րդ դարի սկզբին՝ Արևմտյան Հայաստանի վաճառաշահ, արհեստավորական և մշակութային կենտրոնը, ամենահայաշատ քաղաքը: Պատահական չէ, որ Վանն Արևմտյան Հայաստանի միակ խոշոր քաղաքն էր, ուր 1915 թ. մղվող ինքնապաշտպանությունը պսակվեց հաղթանակով, իսկ Արամ Մանուկյանի, հետագայում և Կոստի Համբարձումյանի գլխավորությամբ Վանում ստեղծված հայկական իշխանությունը 20-րդ դարում մղած մեր ազատագրական պայքարի առաջին քաղաքական ձեռքբերումն էր:
Էրեբունի-Երևանի ամենամյա տոնակատարություններին զուգընթաց հայոց հերթական մայրաքաղաքներին նվիրված միջոցառումների անցկացումն ունի նախ և առաջ գիտա-ճանաչողական, գիտա-մշակութային նշանակություն։ Դրանք կնպաստեն հայոց մայրաքաղաքների, հետևաբար և հայոց պատմության հետաքրքիր դրվագների ավելի լայն լուսաբանմանը, հայոց ինքնության ամրապնդմանը, կխթանեն նորանոր ուսումնասիրությունների ի հայտ գալուն, իսկ ժամանակավոր ցուցահանդեսները, կատալոգները, որոշակի ուղղորդվածություն ունեցող մշակութային միջոցառումները կխթանեն տուրիզմի աճին։