Saturday, April 17, 2010

«Վանը կորցրել ենք, սակայն Վանի մշակույթը չենք կորցնի...»


2010թ. ապրիլի 17-ին «Վասպուրական» հայրենակցական միությունը Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում կազմակերպել էր միջոցառում նվիրված Վասպուրական աշխարհի անկրկնելի մշակույթին:

Միջոցառումը բացվեց «Վասպուրական» ՀՄ-ի նախագահ` Գագիկ Բաղդասարյանի խոսքով, ով մանրամասն խոսեց Վասպուրականի մշակութային ժառանգության պահպանման գործում միության դերի և նշանակության մասին, ապա ներկայացրեց մայիսի 23-ին «Արծիվ Վասպուրական» հուշարձանի շրջակայքում կայանալիք դաշտահանդեսի մանրամասները:

Զեկույցով հանդես եկավ ազգագրգետ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը: Իր զեկույցում պրն. Մարությանը ներկայացրեց Վասպուրական գավառի մշակույթի առանձնահատկությունները և այդ ոլորտում մեր նախնյաց անկրկնելի ձեռքբերումները:

Զեկույցից հետո ցուցադրվեց «Շողակաթ» Հեռուստաընկերության պատրաստած «Հրաշք Վանիկը» ֆիլմը, որը պատմում է վանեցու զավակ, հայ մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի գործունեության մասին:

Միությունը որոշեց ցուցադրել այս ֆիլմը, քանզի Շարամբեյանը իր հասարակական գործունեության մեծ մասը ուղղել էր հենց Վասպուրականի մշակույթի պահպանությանը:


Միջոցառումը կրում էր «Վանը կորցրել ենք, սակայն Վանի մշակույթը չենք կորցնի...» խորագիրը, որն եղել է Շարամբեյանի կյանքի խոսքը և գործը:


Միջոցառմանը ներկա էին ավելի քան 60 վասպուրականցիներ:


Միության Վարչություն


Thursday, April 8, 2010

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՇԻՐԻՄԻՆ


Այս տարի լրանում է Խրիմյան Հայրիկի մահվան 190րդ տարելիցը և այդ կապակցությամբ ապրիլի 3-ին «Վասպուրական» հայրենակցական միության վարչության անդամները միության նախագահ Գագիկ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` հարգանքի տուրք մատուցելու Մկրտիչ Վանեցու շիրիմին: Վարչության անդամները, միության բարեկամները և համխոհները ծաղիկներով զարդարեցին մեծ հայորդու գերեզմանը ապա, ի հիշատակ Խրիմյան Հայրիկի, մայրավանքում աղոթք բարձրացնելուց հետո վերադարձան Երևան:

Հավերժ Փառք մեծացն մերոց...

Tuesday, April 6, 2010

ԴԱՇՏԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ


Վասպուրական հայրենակցական միությունը Հայաստանի ամենահին հայրենակցական միությունն է: Դեռ տասնամյակներ առաջ Արծիվ Վասպուրականի հուշարձանի բացումն առիթ հանդիսացավ, որպեսզի համախմբվեն Խորհրդային Հայաստանում ապրող վասպուրականցիներն և վանեցիները:
Վասպուրական հայրենակցական միության անդամները հպարտությամբ են հիշում Վանի ինքնապաշտպանության 27 օրը և այս տարի ևս մշակութային միջոցառումներից բացի մեծ շուքով կտոնեն ինքապաշտպանության 95-ամյակը:
“Այս տարի ծրագրել ենք նշել հայոց առաջին մայրաքաղաքի հիմնադրման 2865-ամյակը, որը հաշվում ենք Վանի հիմնադրման օրվանից: Նախատեսվում է նաև այցելություն Վան, որի ընթացքում խնդիր կդրվի ծանոթանալ նյութական արժեքներին և Վանից բերել առնվազն գեղեցիկ հուշեր: Մայիսի 23-ին Աշտարակից Գյումրի տանող ճանապարհին գտնվող Արծիվ Վասպուրականի հուշարձանի մոտ նախատեսվում է մեծ դաշտահանդես` նվիրված Վանի ինքնապաշտպանության 95 ամյակին: Երևանի պատմության թանգարանում աշնանը կանցկացվի ցուցահանդես, որտեղ Վանից բերված աշխատանքների միջոցով կներկայացվի վանեցու կենցաղը”, ասաց միության վարչության նախագահ Գագիկ Բաղդասարյանը:
“Դաշտահանդեսի կազմակերպման համար այս տարի համագործակցում ենք նաև Արմենական կուսակցության հետ, քանի որ Վանի ինքնապաշտպանությունը ղեկավարում էր Արմենական կուսակցությունից Արմենակ Եկարյանը: Վանի ինքնապաշտպանությունն այն քիչ դեպքերից է, երբ կուսակցականները վայր դրեցին կուսակցական պատկանելությունը և միացան ինքնապաշտպանությանը: Երբ հաղթանակն արդեն իսկ իրողություն էր և Վանի ղեկավարն էր դառնալու Դաշնակցականը, կրկին տարաձայնություներ չեղան: Հիմա էլ Արմենականների մասնակցությամբ կազմակերպում ենք այդ միջոցառումը, որին ներկա կլինեն նաև մյուս կուսակցությունների ներկայացուցիչները: Դա էլ է խորհդանշական, քանի որ միասնականություն կա և մոռանում ենք կուսակցական պատկանելությունը”, հավելեց Գագիկ Բաղդասարյանը:

Արմենուհի Կարեյան